Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավարությունը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում արդեն հրապարակվել է տեսանյութը, որտեղ առկա է Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության մանրամասներ: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ Շահբազ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանում ցուցադրվել է այդ տեսանյութը:

«Գործում առկա ապացույցներն են այս պահին հրապարակվում: Դեռ չեն ուսումնասիրվել, թե ինչ են տեսանկարահանել ադրբեջանցիները մեր տարածքում: Դեռեւս հայտնի չէ՝ արդյոք կա տեսագրություն կապված Սմբատ Ցականյանի սպանության հետ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատաքննության փուլը շարունակվում է:

Նշենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր,  որ առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը. «Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաեւ իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրեւ թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները»:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին: