ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղացնել Վրաստանի պաշտպանությունը՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու, ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոն ստեղծելու ճանապարհով: «Գռուզիա Օնլայնը» փոխանցում է, որ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք դա անում ենք՝ հարգելով Վրաստանի ինքնիշխանությունը: Մենք որոշում ենք կայացրել ուսումնական կենտրոն ստեղծել, եւ այն կստեղծվի», - մեջբերում է աղբյուրը Սթոլթենբերգի խոսքերը:

Սթոլթենբերգը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը շարունակելու Վրաստանի հավատարմությունը: «Ես ողջունում եմ այդ հավատարմությունը, այդ դիրքորոշումը, եւ դա շատ կարեւոր է, այն միանշանակ մոտեցում է: Դա նպաստում է այն որոշմանը, որը մենք կայացրել ենք 2008 թ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Այն ժամանակ ես վարչապետ էի, երբ որոշվեց, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:  Այդ պատճառով էլ մենք ողջունում ենք Վրաստանի հավատարմությունը եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը շարունակելուն»:

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել էին, որ տվյալ ուսումնական կենտրոնը ոչ թե ՆԱՏՕ-ական է լինելու, այլ՝ վրացական, իսկ ՆԱՏՕ-ն միայն օգնելու է Վրաստանին այն ստեղծելիս: