Այն, որ ԼՂ խնդրի վերաբերյալ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի հայտարարությունն այսքան մեծ արձագանք ստացավ, արդեն իսկ դրական է։ Հուլիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Կանադայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ղեկավարների՝ ԼՂՀ վերաբերյալ արված հայտարարության մասին։
Պատգամավորի խոսքով, թեպետ այդ հայտարարության հանդեպ իշխանությունն ու ընդդիմությունը արտահայտում են տրամաբանորեն տարբեր տեսակետեր, այնուամենայնիվ դրականն այն է, որ հայտարարության մասին խոսում են երկու կողմերն էլ։ «Սակայն եռանախագահների տարածած հայտարարության մեջ կան կետեր, որոնց «Ժառանգությունը» կտրականապես դեմ է»,- նշեց Ալավերդյանը՝ դրանցից առաջինը համարելով հայտարարությունում առկա «ԼՂՀ ժամանակավոր կարգավիճակի մասին» դրույթը։ «Մենք «ոչ» ենք ասում Ղարաբաղում անցկացվելիք ցանկացած նոր հանրաքվեի, քանի որ ԼՂՀ-ն 1991-ի դեկտեմբերի 10-ի եւ 2007-ի հանրաքվեներով հաստատել է իր անկախությունն ու Սահմանադրությունը»,- ընդգծեց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ իրենց կուսակցությունը դեմ է նաեւ Հայաստանի հետ ԼՂՀ ընդհանուր սահմանի կրճատմանը։
«Մենք հիմա էլ ընդհանուր սահման ունենք Ղարաբաղի հետ,եւ այժմ այդ հայտարարությամբ փորձ է արվում ոչ թե հաստատել այդ սահմանը, այլ կրճատել այն»,- ասաց պատգամավորը։
Լարիսա Ալավերդյանը, որպես իրենց կողմից անընդունելի փաստ, առանձնացրեց նաեւ ԼՂՀ տարածք խաղաղարար զորքերի հնարավոր տեղակայման հարցը՝ նշելով, որ 16 տարի շարունակ հայկական բանակը, առանց դրսի ուժերի միջամտության, կարողացել է պահպանել զինադադարի ռեժիմը։ «Անթույլատրելի է, որ ԼՂՀ խաղաղարար ուժեր մտցվեն. պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում միշտ արյուն է հեղվում»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում՝ Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարություն էին ընդունել, որում կողմերին կոչ էին արել արագացնել աշխատանքները ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:




























