Կոլորադոյի (ԱՄՆ) նահանգի բանտում ցմահ բանտարկությունը կրող 46-ամյա Ֆրանսիայի քաղաքացի Զաքարիա Մուսաուին հաղորդել է 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչությունների ֆինանսավորման մեջ սաուդյան արքայազնի ներգրավվածության մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մուսաուին հայտարարել է, որ ամառային դպրոցում իր ուսուցումը հովանավորել է ամն սաուդյան արքայազն: Մուսաուի խոսքով՝ սաուդյան արքայական ընտանիքի անդամը իբրեւ թե ֆինանսովորել է ոչ միայն իր, այլ նաեւ սեպտեմբերի 11-ին ուղեւորատար ինքնաթիռները փախցրած 19 ահաբեկիչների ուսուցումը:

Մուսաուին հայտարարել է, որ այս հարցով պատրաստ է ցուցմունք տալ դատարանում: Այդուհանդերձ, մասնագետները կասկածում են, որ վերջինիս նման հնարավորություն կտրվի, քանի որ հանցագործն ավելի վաղ բազմաթիվ անգամներ հանդես է եկել հակասական հայտարարություններով: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են, որ թագավորությունը որեւէ կերպ առնչություն ունի այս ահաբեկչություններին:

Մուսաուին ձերբակալվել է Նյու-Յորքի եւ Վաշինգթոնի վրա Ալ-Կաիդա խմբավորման գրոհից երեք շաբաթ առաջ: