Հայաստանում ավելի շատ ընկույզի այգիներ կլինեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողներին հայտարարեց հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրա խոսքով՝ մի քանի օտարերկրյա դոնորների կողմից ֆինանսավորվող «Հայկական միրգ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտահանման կողմնորոշմամբ պտղային եւ ընկուզենու այգիներ հիմնել: Շնորհիվ կոմպակտ արմատային համակարգի, ծառերը ավելի քիչ մակերես են զբաղեցնում, ինչը բարձրացնում է հեկտարից ստացվող բերքատվությունը:

«Ավանդաբար մեզ մոտ ընկուզենու այգիներ չեն տնկել. մեկ-երկու ծառ բակում կամ մրգատու այգիների կողքին: Այժմ մենք ցանկանում ենք զարգացնել ընկուզենու աճեցման մշակույթն ու սկսել արդյունաբերական արտահանումը: Մոտակա տարիներին շոշափելի արդյունքներ կունենանք», - նշեց Գալստյանը: