Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական Հոլոքոստի նկատմամբ Հռոմի պապ Պիոս 12-րդի գործողությունները կապված են եղել Հայոց ցեղասպանության մասին վերջինիս հիշողությունների հետ: Այդ մասին ZENIT գործակալության տված հարցազրույցի ժամանակ հայտարարել գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը, գրում է «Asbarez»-ը:

Թեեւ պատմաբանները վիճարկում են, այնուամենայնիվ, Պիոս 12-րդ դեռեւս մեղադրվում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաներին օգնելու ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրելու մեջ: Մասնավորապես, նա քննադատության է ենթարկվում չափից դուրս լռեության համար: Սակայն հայտնի գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը կարծում է, որ Պապի որոշումը արդյունք էր այն բանի, ինչի մասին նա իմացել էր մի քանի տարի առաջ, երբ Վատիկանի քարտուղարությունում որպես նվիրակ աշխատելու ժամանակ ազատ մուտք է ունեցել Հայող ցեղասպանության մասին Վատիկանի տեղեկությունների նկատմամբ: Պատմաբանի խոսքով՝ Բենեդիկտոս 15-րդն ու վերջինիս դիվանագետների փորձերը միայն խորացրել են հայերի վիճակը եւ Պիոս 12-րդ չէր ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի:

Հեզեմանը նշել է, որ հայերի ջարդը չի դանդաղել՝ չնայած Վատիկանի գործողություններին: «Թուրքերը շատ բաներ էին խոստացել, նրանք խոստացել էին խնայել կաթոլիկ հայերին... նրանք խոստացել էին, որ բոլոր արտաքսված հայերը ամանորին կվերադառնան տուն, սակայն բոլորը սուտ էր ու սուտ խոստում», - նշել է պատմաբանը:

Հեզեմանի խոսքով՝ բոլոր պատմաբանները համաձայն են, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պիոս 12-րդի փորձը եւ հատկապես պապական չեզոքության ու խաղաղարարության քաղաքականությունը մեծապես ազդել են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում վերջինիս գործունեության վրա: «Նա գիտեր, որ 1915թ. չաշխատած բացահայտ բողոքը երբեք չի աշխատի 1942թ., երբ գործ ուներ ավելի չար, անզիջում եւ անխիղճ առաջնորդի հետ: Նա գիտեր, որ բողոքը հրեաներին չի օգնի, եւ Հիտլերին միայն կլարի Եկեղեցու դեմ ու կոչնչացնի ավելի շատ հրեաներ փրկելու եւ օգնելու ընդունակ միակ ենթակառուցվածքը», - նշել է պատմաբանը:

«Իրականում ամոթ է, որ թուրքական կառավարությունը առ այսօր ժխտում է Հայոց ցեղասպանությունը՝ օգտագործելով նույն սուտն ու արդարացումները, որոնք օգտագործել է 1915թ.՝ ի պատասխան պապական նախաձեռնության», - նշել է պատմաբանը: