Կալիֆորնիական Գլենդել քաղաքի խանութներից մեկի նախկին աշխատակցին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա կոտրել է խանութի մուտքի դռան ապակին: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
«A & A Discount» խանութի սեփականատերը ոստիկանություն է զանգահարել, երբ տեսահսկման ձայնագրությունում տեսել է, թե ինչպես է իր նախկին աշխատակիցը՝ 27-ամյա Վահան Հովսեփյանը, կոտրել խանութի դռան ապակին: Նա շուրջ մեկ տարի աշխատել է այդ խանութում, սակայն մեկ տարի առաջ հեռացվել է՝ ցածր արդյունավետության պատճառով: Հինգ ամիս առաջ նա խնդրել է իրեն հետ ընդունել աշխատանքի:
Ոստիկանություն ներկայացված դիմումից հետո իրավապահները ժամանել են Բըրբենքում գտնվող կասկածյալի տուն: Վերջինին ձերբակալել են վանդալիզմի մեղադրանքով: Միջադեպի հետեւանքով խանութի տիրոջ կրած վնասը գնահատվում է 1.000 դոլար:





























