Ռուսաստանը ցանկանում է 100%-անոց երաշխիք ստանալ, որ ոչ ոք չի մտածի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է rbc-ն։
«Մենք կցանկանայինք 100%-անոց երաշխիք ունենալ, որ ոչ ոք չի մտածի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում թերթը, որն այդ մասին հայտարարել էր Համառուսական ժողովրդական ճակատի «Գործողությունների համաժողովի» ժամանակ։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է լսել, որ ՆԱՏՕ-ն «կդադարեցնի ռուսական սահմաններին մոտենալու եւ ուժերի հավասարակշությունը խախտելու փորձերը»։ Սակայն, Ռուսաստանը «դա չի լսում»։
Աղբյուրը հիշեցնում է, որ համաժողովում ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին մեղադրել էր Ռուսաստանն իրեն ենթարկելու ցանկության համար։
Ուկրաինայի իշխանությունները դեռ միասնական դիրքորոշում չունեն՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ։ Այսպես, 2014 թ. մարտի կեսերին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ՆԱՏՕ երկրի անդամակցության հարցը դեռ օրակարգում չէ։





























