Եվրախորհրդարանի «Եվրոպան՝ հանուն ազատության եւ ժողովրդավարության» խմբակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին անվստահություն հայտնելու քննարկում են նախաձեռնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցությունը, որը խմբակցության կազմում ներառված կուսակցություններից է։

Աղբյուրը հստակեցնում է, որ խմբակցությունը Եվրախորհրդարանի պատգամավորների 76 ստորագրություն է հավաքել։
Ստորագրահավաքի պատճառը Լյուքսեմբուրգի բանկերի միջոցով միջազգային ընկերությունների՝ հարկերից խուսափելու կոռուպցիոն սխեմաների հետ կապված սկանդալն է, որում մեղադրում են Յունկերին։ ԵՀ ղեկավարը հայտարարել է, որ ինքը չի մշակել Լյուքսեմբուրգի ֆինանսական գործողությունների համակարգը, եւ որ իր անցյալում ոչինչ չի մատնանշում, թե ինքը մտադիր է եղել հարկերից խուսափում կազմակերպել։ 

Ժան Կլոդ Յունկերի հրաժարականի համար անհրաժեշտ է, որպեսզի Եվրախորհրդարանի անդամների շուրջ 60%-ը (751 մարդ) քվեարկեն զբաղեցրած պաշտոնից հեռանալու օգտին։