ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկն այցելել է խոցված ուղղաթիռի անկման վայր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
«Դեսպան Կասպշիկն այցելել է աղետի վայր», - մեջբերում է գործակալությունը մամուլի ծառայության աշխատակցին:
Նա հավելել է, որ ԵԱՀԿ պատվիրակության անվտանգությունն ապահովվել է. «Անվտանգության խնդիրներ չկային, եւ անվտանգության երաշխիքները տրվել էին սովորական ընթացակարգով»,- ասել է աշխատակիցը:
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Կասպշիկը դեպքի վայր չի այցելել:
«Տեղեկատվությունը, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկն այցելել է Աղդամի շրջան՝ ՀՀ ԶՈՒ խոցված Մի-24 ուղղաթիռի անկման վայր, անհիմն է», - ԱՊԱ-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին:
Ըստ նրա՝ անցկացվել է զորքերի շփման գծում՝ նախապես սահմանված եւ ծրագրված հատվածում, եւ անցել է առանց միջադեպերի: «Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, տեղեկություն են տարածել Հայաստանի ԶՈՒ ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայր Անջեյ Կասպշիկի այցելության մասին: Նորից հայտարարում ենք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ Կասպշիկի այցելության մասին լուրը միանգամայն անհիմն է եւ սուտ: Նրանց անվտանգությունը երաշխավորված է միայն որոշակի հատվածում՝ այն վայրում, որտեղ դիտարկում է անցկացվել: Իսկ տվյալ հատվածը ուղղաթիռի անկման վայրից հեռու է 20 կմ»:
Միանգամայն պարզ է դառնում, որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է կատարվածի իրական պատկերը վերհանելուն: ԵԱՀԿ ներկայացուցիչներին չթողնելու համառ ցանկությունը եւ ակնհայտ փաստերը հերքելը վկայում են, որ Ադրբեջանը ստում է:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելուց: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Բաքուն պարզապես հրաժարվել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին անվտանգության երաշխիքներ տալուց:



























