Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ-ի առաքելությանը անվտանգության երաշխիքներ չի տալիս ընկած ուղղաթիռի վայրի զննություն իրականացնելու համար: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
«Մենք փորձում էինք ԵԱՀԿ դիտարկում անցկացնել շփման գծում խոցված ուղղաթիռի վթարի վայրում, սակայն Բաքուն այդ տարածքում ԵԱՀԿ պատվիրակության անվտանգության ոչ մի երաշխիք չի տվել», - հայտարարել է Անջեյ Կասպշիկը:
«Ցանկացած դիտարկում նախօրոք ծրագրվում է, հայտեր են ներկայացվում, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ տարվեն: Դիտարկում անցկացնելու հայտը ներկայացվել էր մինչեւ ուղղաթիռի հետ կապված միջադեպը: Բնականաբար, ողբերգությունից հետո ես ցանկացա դիտարկում անցկացնել ուղղաթիռի անկման վայրում, սակայն Ադրբեջանում իմ գործընկերը պատասխանեց, որ այդ տարածքում իրավիճակը լարված է, անհնար է անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչն անհրաժեշտ է մեր աշխատանքի համար», - հայտարարել է Կասպշիկը:
Ըստ նրա՝ այդ պատճառով էլ «որոշում է կայացվել դիտարկում անցկացնել ըստ ծրագրի»:
Կասպշիկը հայտարարել է, որ ուղղաթիռի վերաբերյալ բանակցություններ են տարվում: «Ես հասկանում եմ մտահոգությունը: Անում եմ՝ ինչ կարող եմ եւ ինչ հնարավոր է, որպեսզի որքան հնարավոր է արագ հնարավոր լինի մոտենալ ուղղաթիռին», - նկատել է դեսպանը: Ըստ նրա՝ հարցն այս շաբաթ քննարկվելու է Բաքվում:



























