Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Անկարայի գլխավոր դատախազությունում տարիների պատմություն ունեցող «Կորած տրիլիոնի» գործով վկայություն է տվել։

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝  Աբդուլլահ Գյուլը նախկինում զբաղեցրած պաշտոնի պատճառով ազատված էր վկայություն տալու պահանջից եւ հիմա իր ցանկությամբ գնացել է դատախազություն եւ վկայություն տվել «Կորած տրիլիոնի» գործով։

«Իրավական պետությունը սա է։ Ոչ-ոք արտոնյալ չէ։ Բոլորն էլ պետք է գնան ու վկայություն տան, իսկ մեղավորին ու անմեղին կորոշի դատական ատյանը»,-գրել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ «Կորած տրիլիոն» դատական գործընթացը կապված է դեռեւս 1998 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ, երբ Աբդուլահ Գյուլը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էին իսլամիստական «Բարօրորություն» (Refah) կուսակցության շարքերում, որի ղեկավարն էր Նեջմեթին Էրբաքանը։ 1998 թվականին Թուրքիայի սահմանադրական դատարանը փակում է «Refah» կուսակցությունը, սակայն մինչ այդ իշխանությունում գտնվող Refah-ի ղեկավարները, կուսակցության փակումից եւ իշխանությունից հեռանալուց հետո չեն վերադարձնում պետությունից ստացած գումարները, որոնք հետագայում պարզվում է, որ գրանցել են որպես կեղծ ծախսեր։