Եռյակը մտադիր է խորհրդարանի արտահերթ նիստ նախաձեռնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցով: Այս մասին նոյեմբերի 19-ին՝ եռյակի ներկայացուցիչների հերթական հանդիպման ավարտին, լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Խոսքը համամասնական ընտրակարգի անցնելու մասին է, նաեւ՝ ընտրացուցակների հրապարակման: Սա կառավարությանը ներկայացրած 12 պահանջներից մեկն է: Մենք խորհրդակցել ենք խորհրդարանական մյուս ուժերի հետ, առաջին հերթին՝ ՀՅԴ-ի, եւ արտահերթ նիստ կգումարենք:

Եթե իշխանությունը 12 կետերի իրականացման վրա աշխատելու պատրաստակամություն է հայտնում, ուրեմն մեր նախաձեռնությունը հիանալի հնարավորություն կլինի նրանց համար, որպեսզի ցույց տան իրենց բարի կամքը եւ այն, թե ինչպես են արժեւորում սեփական խոստումները»,- նշել է Զուրաբյանը: Ըստ ընդդիմադրի՝ արտահերթ նիստ նախաձեռնելով՝ եռյակը կամ կհասնի արդյունքի, կամ էլ կապացուցի, որ երկրի նախագահի խոսքերը ոչինչ չարժեն: