ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Սերգեյ Լավրովին խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել Բարաք Օբամայի այն խոսքերին, թե Ռուսաստանը համաշխարհային գլխավոր սպառնալիքներից է, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով ՌԴ արտգործնախարարի խոսքերը:

«Ես ուշադրություն հրավիրեցի նշված սպառնալիքների վրա, որոնք իրեն թույլ էր տվել նախագահ Օբաման՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթը սկսելիս:  Արդյունքում, վերջերս շփվելով Ջոն Քերրիի հետ, ես հարցրի՝ ինչ է դա նշանակում: Նա ինձ ասաց. ուշադրություն մի դարձրու», - Լավրովի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Նա հավելել է, որ Քերրին այդպիսով ցանկացել է Լավրովի ուշադրությունը հրավիրել արդիական հարցերի վրա, ինչպիսիք են Իրանի միջուկային ծրագիրը եւ Կորեայի թերակղզու իրավիճակը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ եւ համաշխարհային հանրության հիմնական ջանքերն ուղղված են Էբոլայի համաճարակի եւ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դիմակայությանը:

Անդրադառնալով Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների հարցին՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ մեծամասամբ դրանք չեն կատարվում՝ միաժամանակ պահպանելով իրենց նշանակությունը: «Դրանք պարունակում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Ուկրաինայում իրավիճակի լարվածությունը թոթափելու համար»: