Համաներմամբ ազատ է արձակվել ՀՀԿ –ական Արթուր Սեդրակյանը, որը մեղադրվում էր իր կուսակցական ընկերոջ՝ Կարեն Հակոբյանի սպանության մեջ:

Սպանությունը տեղի էր ունեցել 2008թ. ապրիլի 3-ին: Ըստ հավաստի տեղեկությունների՝ ՀՀԿ Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրացուցակի երկու ներկայացուցիչների միջեւ ընդհարումը տեղի էր ունեցել ցուցակում զբաղեցրած տեղերի համար: Ցուցակի 111-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Հակոբյանը դժգոհել էր, որ Արթուր Սեդրակյանը զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը, եւ այդ դժգոհությունն արժեցել էր նրա կյանքը։ Պաշտոնական տվյալներով, Սեդրակյանը կրակել էր Հակոբյանի վրա: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ, գիտակցության չգալով, մահացել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Սեդրակյանի՝ համաներմամբ ազատ արձակվելու փաստը: Նախաքննության ընթացքում հարուցվել էր քրեական գործ՝ քր.օր.-ի 104 (Սպանություն) հոդվածի հատկանիշներով, սակայն առաջադրված մեղադրանքը վերաորակվել է 116-րդ հոդվածով` (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցություն), եւ Արթուր Սեդրակյանն ազատ է արձակվել համաներմամբ: Արմեն Մալխասյանը նշեց, որ նախաքննական մարմինը շարժվել է բացառապես չոր փաստարկներով, թեեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները նկատում են, որ եթե Արթուր Սեդրակյանը իշխանական կուսակցության ներկայացուցիչ չլիներ, նրա նկատմամբ այդքան մեղմ չէին վարվի: «Թե իրենք ինչպես են մեկնաբանում, ես չեմ կարող ասել»,- գնահատելով իրավապաշտպանների այդ պնդումները՝ նշեց ոստիկանության աշխատակիցը: Հանրապետական կուսակցությունից մեկնաբանություններ ստանալ NEWS.am-ին չհաջողվեց. կուսակցության մամուլի խոսնակը տեւական ժամանակ է, ինչ անհասանելի է, իսկ ՀՀԿ հեռախոսները չէին պատասխանում:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը մարդ է սպանում եւ չափազանց մեղմ պատժի արժանանում.

Նոր Հաճնի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը 2005թ. սեպտեմբերի 24-ին վարչապետի նվիրած ատրճանակով գնդակահարել էր «Արզնի» էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, որը հանդգնել էր առաջադրել իր թեկնածությունը Նոր Հաճնի քաղաքապետի ընտրություններում: Քեշիշյանը ազատազրկումից կարճ ժամանակ անց կրկին հայտնվեց ազատության մեջ: