Ադրբեջանը շարունակում է հակասական հայտարարություններ անել՝ ղարաբաղյան խոցված ուղղաթիռի վերաբերյալ:

Ադրբեջանական հերթական կեղծ վարկածի ապացույցն է  «օրվա հերոս» սերժանտ Իլկին Մուրադովի հարցազրույցը ՊՆ «Azərbaycan Ordusu» թերթին: Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց Մուրադովն է խոցել ուղղաթիռը: 

Ըստ Մուրադովի՝ «այդ իրադարձությունից 3 օր առաջ հեռվում ուղղաթիռ է նկատվել, որը թռել է զորավարժությունների շտաբ եւ հետ վերադարձել: Նոյեմբերի 12-ին ուղղաթիռները հարձակվել են Ադրբեջանի բանակի դիրքերի վրա»: Եթե հավատանք Մուրադովին, ապա ուղղաթիռներն օդում են մնացել երեք օր:

Ըստ Մուրադովի՝ երկու Մի-24  «հենց իրենց վրա էին թռչում»: «Նույն պահին հաղորդագրություն ուղարկվեց հրամանատարություն: Հրաման ստացվեց ոչնչացնել ուղղաթիռները, եթե նրանք  մտնեն մեր զորամասի պաշտպանական հատված: Ուղղաթիռները սկսեցին կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Մեր մարտիկները նույնպես կրակեցին ուղղաթիռների վրա: Այդ պահին թշնամու մեքենաներն ուղղությունը փոխեցին ձախ: Ես նշանառության տակ առա երկրորդ ուղղաթիռը եւ կրակեցի», - հեքիաթն է վերապատմել Մուրադովը:

Սակայն հենց երեկ նույն ադրբեջանական մամուլը, վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել էր միջադեպի «մանրամասները»: Ըստ երեկվա վարկածի՝ ուղղաթիռի վրա կրակել էին պաշտպանական երկրորդ գծից՝  2140 մ հեռավորությունից: Նման հեռավորությունից  «անմիջապես մեզ վրա» նկարագրությունը մի փոքր տարօրինակ է: Ինչպես ասում են, վախի աչքերը մեծ են:

Բացելով Մուրադովի պատումի փակագծերը՝ ստացվում է հետեւյալը. Ադրբեջանական կողմը նպատակադրված խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող անզեն ուղղաթիռը: Ուղղաթիռների թռիչքներին հետեւել են ոչ միայն պրոֆիլակտիկայի համար, այլեւս սպասել են պահին, թե երբ սարքը կմոտենա շփման գծին: