Նոյեմբերի 19-ին ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում արձագանքման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով 2-օրյա հրամանատարաշտաբային ուսումնավարժության գործնական փուլը:

Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը հետեւում էին ԱԻ պետական հանձնաժողովի խաղարկման խմբի անդամները, որտեղ ընդգրկված էին պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ըստ սցենարի` ՀԱԷԿ-ում տեղի էր ունեցել արտանախագծային վթար եւ ռադիոակտիվ նյութի արտանետում մթնոլորտ:

Ուսումնավարժության գործնական փուլում ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում հնչեցվեց ճառագայթային վտանգի ուսումնական տագնապ: Դրանից բացի` ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան շրջում էր համայնքի փողոցներով, բարձրախոսներով իրականացնում ազդարարում եւ բացատրում, թե ինչ պետք է անեն մարդիկ: Բնակիչները, լսելով շչակի ձայնը, պատսպարվեցին իրենց տների նկուղային հարկերում, մի մասն էլ, հագնելով շնչադիմակները, սկսեցին տարհանվել տրանսպորտային միջոցներով:

Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցում նույնպես ուսումնական տագնապ էր: Դասերն ընդհատվել էին, աշակերտները մոտենում էին դպրոցի շենքի առաջին հարկում տեղակայված հաշվառման կետին, ստանում կայուն յոդի պատրաստուկ, որն արգելափակում է վահանաձեւ գեղձը, այնուհետեւ հագնում էին շնչադիմակը եւ դուրս գալիս շենքից: Հատուկ հատկացված ավտոբուսներով աշակերտներին տեղափոխեցին հսկիչ անցագրային կետ, որտեղ ՀՀ ԱԻ եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ շտապօգնության ծառայության ուժերով ծավալված էին ճառագայթային մշտադիտարկման, սանիտարական լվացման, տրանսպորտային միջոցների ապաակտիվացման եւ բուժկետեր:

ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց, որ սա միասին աշխատելու եւ հնարավոր խնդիրները բացահայտելու շատ լավ հնարավորություն է.

- Նման միջոցառումները հենց այդ նպատակով են կազմակերպվում, որպեսզի մենք կատարելագործենք մեր հմտությունները, ղեկավար կազմին ցույց տանք կարողություններն ու խնդիրները, ինչպես նաեւ վեր հանենք բացթողումները: Կարծում եմ, որ կարելի է վերանայել վարժանքների անցկացման եղանակները, եւ լայնամասշտաբ ուսումնավարժությունների փոխարեն ավելի հաճախ կազմակերպել փոքր օբյեկտային վարժանքներ` որեւէ առանձին խնդրի թեմայով, ինչը կօգնի բարձրացնել բնակչության պատրաստվածությունն ու հանրային իրազեկումը:

Ուսումնավարժության արդյունքներն ամփոփելիս Ս. Ազարյանը բարձր գնահատեց նաեւ ուսումնավարժության ընթացքում պետական կառավարման եւ տարածքային մարմինների համագործակցությունը: ՓԾ տնօրենի խոսքով` 2015 թ. նախատեսվում է լրամշակել ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը եւ ընդլայնել դրա գործողության շրջանակները, եւ այս ուսումնավարժության ընթացքում կազմակերպված քննարկումներն ու առաջարկություններն այդ առումով շատ օգտակար են եղել: