Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ նոյեմբերի 19-ին, հանդիպել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների հարազատների հետ:

NEWS.am-ի իրազեկ աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրը պարզելուն ուղղված հնարավոր քայլերը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն է մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: