ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ստեղծվել է տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանց, որը հնարավորություն է տալիս պահպանել անընդմեջ կապ` նախարարության եւ տեխզննման կայանների միջեւ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, համակարգի ներդրումն ապահովում է տեխզննման կայանների կողմից օպերատիվ տեղեկատվության ստացումը` յուրաքանչյուր տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ:
Նշենք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նույնպես հնարավորություն ունի օգտվելու այս համակարգից:
Նոր համակարգի ներդրմամբ ոչ միայն կհեշտացվի տեխզննման կայանների եւ պետական մարմինների միջեւ համատեղ աշխատանքը, այլեւ կուժեղացվի վերահսկողությունն այդ կայանների գործունեության նկատմամբ:
Նկատի ունենալով ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության իրականացման գործընթացի պարզեցման անհրաժեշտությունը` նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը կիրականացվի անկախ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից, ինչպես նաեւ կսահմանվի տեխնիկական զննության կտրոնի փակցնելու տեղը:


























