Ռուսաստանն ու Հարավային Օսիան մտադիր են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնել, առաջին հերթին ռազմական ոլորտում: Կողմերը նոր ինտեգրացիոն պայմանագիր են պատրաստում: Այս մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Չոչիեւին:
«Մենք Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մեր գործընկերների հետ նոր համալիր ինտեգրացիոն պայմանագրի նախագիծն ենք պատրաստում: Այն զգալիորեն կտարբերվի գործողից, քանի որ մեր երկրների հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի, առաջին հերթին ռազմական ոլորտում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
«Հարավային Օսիայի համար անվտանգության հարցը կենսական կարեւորություն ունի, եւ նման պայմանագրի ստորագրումը կարող է էականորեն ամրապնդել այդ մակարդակը»,-հավելել է Չոչիեւը:
Հիշեցնենք, որ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին գործող պայմանագիրը Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ ստորագրվել է 2008-ի սեպտեմբերին Մոսկվայում:




























