Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը, ով հունիսի 3-ից կալանավորված էր, այսօր` հուլիսի 2-ին ազատ է արձակվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, անդրադառնալով ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանի խափանման միջոցին, որոշում է կայացրել նրա  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  փոխել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Որոշման մեջ նշված է, որ Քիրամիջյանն այլեւս չի կարող խոչընդոտել նախաքննությանը եւ պետք  է անհապաղ ազատ արձակվի։ Քիչ առաջ NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Քիրամիջյանն ասաց, որ առողջական խնդիր ունի՝ քթից արյունահոսում է, եւ բացի այդ նաեւ ոտքի հետ կապված խնդիրներ ունի եւ պետք է շարունակի բուժումը։ Ինչ վերաբերում է տրամադրությանը, ապա երիտասարդ ակտիվիստն ասաց, որ ազատազրկումը չի ազդել իր տրամադրության եւ մարտական ոգու վրա։ «Եթե ինձ նույնիսկ 8-10 ամիս պահեին կալանքի տակ, մեկ  է, չէին կարող ազդել վրաս»,- նկատեց  երիտասարդ ակտիվիստը։  

Նշենք, որ Դավիթ Քիրամիջյանը ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել մայիսի 30-ին՝ Ազատության հրապարակի շրջակայքից։ Նա եւ ՀԱԿ մի խումբ ակտիվիտներ փորձել էին Ազատության հրապարակում նստացույց անցկացնել, սակայն ոստիկանները խոչընդոտել էին ակցիայի իրականացմանն ու ՀԱԿ ակտիվիստներից մի քանիսին բերման ենթարկել ոստիկանություն։  Հետագայում Քիրամիջյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն։

Հավելենք, որ այսօր երեկոյան, ժամը 19։30-ին Դավիթն ու նրա ընկերները հավաքվելու են Սարյանի արձանի մոտ, որտեղ ավանդաբար հավաքվում են ՀԱԿ ակտիվիստներն ու համակիրները։