ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին, որտեղ անդրադառնում է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ օդուժի ուղղաթիռի անձնակազմի անդամներին այդ տարածքից դուրս բերելուն:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Խորապես մտահոգված ու անհանգստացած եմ ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով: Չզինված այս ուղղաթիռն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ:

Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին եւ դուրս բերել անձնակազմի անդամներին՝ չնայած այդ երկրին հայկական կողմի խնդրանքով դիմել են եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել նաեւ զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում:

Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնեւի կոնվենցիայի դրույթներին, այլեւ ոտնահարում է տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու եւ բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել:

Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ եւ նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաեւ միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»: