Ռուսաստանցի իրավապահները վնասազերծել են կազմակերպված էթնիկ հանցախմբի մասնակիցների, որոնք կասկածվում են ինկասատորների վրա հարձակման մեջ: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը:

Ըստ աղբյուրի՝ հանցագործները նախապես մշակված սխեմայով են գործել. բանկերի մոտից հետեւել են պոտենցիալ զոհերին, հարմար պահի մուրճով կոտրել ապակին եւ տարել գումարը:

«Կասկածյալները չորսն են, բոլորն էլ՝ Հարավային Կովկասից: Ոստիկանները նրանց ձերբակալել են Յաբլոչկովի փողոցում, չնայած դիմադրության փորձերին: Իրավապահներին տեսնելով՝ հանցագործները փորձել են փախչել, բախվել են ծառայողական մեքենայի: Բարեբախտաբար հաջողվել է նրանց շրջափակել եւ վնասազերծել»,- ասված է հաղորդագրությունում:

Նրանց մեքենայում երեք ատրճանակ են գտել, Կալաշնիկովի ինքնաձիգ, փամփուշտներ, դիմակներ եւ կեղծ համարներ: Ըստ ոստիկանների՝ հանցախմբի անդամները առնվազն 4 համանման հանցագործությունների մասնակից են եղել, որոնց ընթացքում հափշտակել են ավելի քան 5 մլն ռուբլի: