Խորհրդարանը պատգամավորների մի մասի ծափերի ներքո է ընդունել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությունների կատարումը: «Կողմ» են քվեարկել 57 պատգամավորներ, «դեմ»՝ 1 պատգամավոր, «ձեռնպահ» նույնպես 1 պատգամավոր: Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն ի պատասխան դահլիճի արձագանքին հայտարարել է. «Երբեմն նաեւ պետք է ծափահարություններ հնչեն»:

Նախքան քվեարկությունը ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը օրինագծի մասին մի շարք առաջարկներ է ներկայացրել, սակայն դրանք չեն ընդունվել: Այս կապակցությամբ, ըստ Մարգարյանի, խմբակցությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ չնայած վիճելի կետերի լուծումներով օրինագիծ ներկայացնելու կառավարության խոստմանը, դա տեղի չունեցավ: «Այս կապակցությամբ կոչ եմ անում դեմ քվեարկել օրինագծին»:

ՀԱԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Գագիկ Ջհանգիրյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել օրինագծին: Նույն կոչով հանդես է եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: