Ադրբեջանում գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ եւ պետական, եւ ընդդիմադիր, եւ անկախ, սատարել են մեր զինծառայողների գործողությունները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց տեսակապի միջոցով մամուլի ասուլիսին միացած Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ, լրագրող Շահին Ռզաեւը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպի լուսաբանմանը:

Ռզաեւի խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցների շրջանում գրեթե բոլորը միաձայն հավանություն են տվել զինծառայողների գործողություններին: «Գրեթե բոլոր լրատվամիջոցները միջադեպը դրական են գնահատել: Իրականում գերակշռում էր այն տեսակետը, որ այո, այդ ուսումնական մանեւրներն իրականցվել են ադրբեջանական դիրքերի վերեւում: Դա ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական ուղղաթիռ էր», - նշել է Ռզաեւը՝ հավելելով, որ «զոհվել են երեք զինծառայողներ, որոնցից երկուսը ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի բնակիչներ են»: Ուստի գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ եւ պետական, եւ ընդդիմադիր, եւ անկախ, սատարել են մեր զինծառայողների գործողությունները», - եզրափակել է ադրբեջանցի լրագրողը: