Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Պետդեպի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի ուղեկցությամբ կայցելի Ուկրաինա, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի փորձագետ Մարվին Քալբին:
ԱՄՆ-ի փոխնախագահի այցն Ուկրաինա պետք է եւս մեկ նախազգուշացում դառնա ռուսական իշխանությունների համար, գրում է թերթը՝ վկայակոչելով զրուցակցի խոսքերը:
Ջոզեֆ Բայդենը մտադիր է հանդիպել Ուկրաինայի ղեկավարության հետ եւ Կիեւում կլոր սեղան անցկացնել կոռուպցիայի դեմ պայքարի եւ իրավական ոլորտում բարեփոխումների թեմայով: Նոյեմբերի 21-ին Բայդենը հանդես կգա ծրագրային ելույթով այն մասին, որ Վաշինգտոնը մտահոգված է Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրի շարունակական խախտումների կապակցությամբ:
«Այս բանակցությունների օրակարգն առայժմ չի բարձրաձայնվում, բայց Պետդեպում հասկացրել են, որ խորհրդակցությունների գլխավոր թեման դարձել են եվրոպական երկրների հնարավոր քայլերը՝ ի պատասխան Ուկրաինայում լարվածության աճին»,- նշված է հաղորդագրությունում:
Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել էր, որ Դաշինքի կառույցները տեղեկություն ունեն «Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական խմբավորման կողմից իրականացվող լուրջ խախտումների մասին»: Միաժամանակ ԱՄՆ Սենատի մի խումբ ազդեցիկ անդամներ Սպիտակ տնից պահանջել են ուկրաինական կառավարությանը զինվորական տեխնիկա եւ սպառազինություն մատակարարել:




























