Ես չեմ կարող շփման գծում ուղղաթիռի հետ կապված միջադեպը մեկնաբանել ավելին, քան այդ արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում: Այս մասին նոյեմբերի 20-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Վիեննայի քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժանմունքի ներկայացուցիչ Թորսթեյն Շտոտիկը:

«Ես կարող եմ միայն վկայակոչել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը: ՄԽ-ն փորձում է հասնել միջադեպի վայր, սակայն առայժմ դա նրանց չի հաջողվել: Նրանք շարունակում են աշխատել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Շտոտիկը:

Նա նաեւ նշեց, որ կարող է միայն մտահոգություն հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ հիմա հնարավորություն չի ընձեռվել հասնել ուղղաթիռի կործանման վայր. «Ցանկանում եմ նշել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի աշխատակիցներն ամեն ջանք գործադրում են՝ հարցը լուծելու համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13:45-ի սահմաններում սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերը կործանեցին Արցախի Հանրապետության ռազմաօդային ուժերի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող «Մի-24» ուղղաթիռը: Երեք օդաչուները զոհվեցին: Հակառակորդը մինչեւ հիմա գնդակոծում է տարածքը՝ թույլ չտալով այդտեղից դուրս բերել օդաչուների մարմինները: