Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին եւ կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների:
Հանրապետության նախագահը Վազգեն Կալթակճեանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, շնորհավորել ՀՀ պետական բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ եւ մաղթել հետագա հաջողություններ:
Վազգեն Կալթակճեանն իր համար մեծ պատիվ է համարել Հայրենիքի բարձր պարգեւին արժանանալը, երախտագիտություն հայտնել այդպիսի գնահատականի համար եւ ընդգծել, որ ԱՄՆ-ում ու հատկապես իր նահանգում՝ Լուիզիանայում, այսուհետ եւս շարունակելու է ի շահ Հայրենիքի, Արցախի եւ համայն հայ ժողովրդի իր գործունեությունը:




























