Ժամանակակից աշխարհում ծայրահեղականությունն օգտագործվում է՝ որպես աշխարհաքաղաքականության եւ ազդեցության ոլորտների ձեւափոխման գործիք: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Վզգլյադը»:

«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ողբերգական հետեւանքներ ունեցան այսպես կոչված գունավոր հեղափոխությունները, ինչպիսի ցնցումներ են կրել եւ շարունակում են կրել երկրների ժողովուրդները, որոնց անցել են արտաքին միջամտության անպատասխանատու, իսկ երբեմն էլ կոշտ փորձարկումների միջով», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է գիտակցել եւ հասկանալ, որ տարբեր ազգությունների եւ հավատքների մարդկանց միջեւ հակամարտությունների բորբոքումը, ազգայնամոլական գաղափարախոսությունների քարոզչությունը, այդ հողի վրա հասարակական կարգի զանգվածային խախտումները, գոյություն ունեցող կարգի բռնի տապալման կոչերը հակաժողովրդական մտածողության, ծայրահեղականության ուղղակի դրսեւորումներ են»: