Երեւանում կանաչապատման, ինչպես նաեւ փողոցների, այգիների, պուրակների ու սիզամարգերի լայնամաշտաբ ծաղկապատմանը նպատակով կառուցվել է շուրջ 3000 քմ ընդհանուր մակերեսով նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած ջերմատուն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Այս տարի ջերմատնային տնտեսությունից մայրաքաղաքի կանաչ տարածքներ է տեղափոխվել ինչպես Հոլանդիայից ներկրված, այնպես էլ տեղում աճեցված շուրջ կես միլիոն ծաղկասածիլ: Դրանք հիմնականում տագետես, գեորգենի, պետունյա, անյուտայի աչիկներ, շան բերան, ալիսում, կատարանտուս եւ այլ ծաղկատեսակներ են, որոնք ապահովում են ծաղկատարածքների բազմերանգ գունային գամման:
Կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներն իրականացվում են ոռոգման ցանցի, այնպես էլ ջրցան մեքենաների օգնությամբ: Ծաղկապատումը կատարվել է համամասնորեն` ընդգրկելով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Ծաղկապատ տարածքների խնամքի ժամանակ վարչական շրջաններում արդեն օգտագործում են Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ օրերս ներկրված կանաչապատման նոր տեխնիկան: Քաղաքապետարանի հայտարարած «Կանաչ Երեւան» ծրագրով մայրաքաղաքում կանաչապատված լրացուցիչ125 հա -ից բացի արդեն ձեւավորվել է նաեւ 5,2 հա ծաղկապատ տարածք:


























