Բաքվի իրավապահները հետաքննում են ցնցող միջադեպը: Նրանք պետք է պարզեն ինչ է տեղի ունեցել՝ սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն:
Vesti.Az-ը ներկայացրել է «Վուլկան» մոթելում կատարված դեպքի որոշ մանրամասներ: Մահացած Աֆագ Շուքյուրովան Սումգայիթի բնակչուհի էր, ամուսնացած էր, ուներ երեխաներ, բայց վերջին ժամանակներս հաճախ էր հեռախոսով շփվում Քյուրդամիրի շրջանում բնակվող իր զարմիկի հետ, որի նկատմամբ դեռ օրիորդ ժամանակներից քնքուշ զգացմունքներ էր տածում: Զարմիկի անունն առայժմ չի հաղորդվում, բայց հայտնի է, որ նա ամուրի է: Երկու օր առաջ սիրահարները պայմանավորվել էին հանդիպել «Վուլկանում» եւ հանդիպել էին:
Մոթելի համարում դիակի առկայության մասին ոստիկաններին հայտնել էին մոթելի աշխատակիցները, որոնք դա տեսել էին պատուհանից: Շուքյուրովան կախվել էր ջահից՝ բաղնիքի խալաթի գոտիով: Բայց մնացած մանրամասները ցնցել են իրավապահներին: Մոթելի աշխատակիցները նաեւ տեղեկացրել են, որ Շուքյուրովայի ուղեկիցը օրվա ընթացքում չի լքել սենյակը: Դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդուն գտել են մահճակալին նստած՝ Շուքյուրովայի կախված մարմնին հանդիման: Այդ վիճակում տղամարդն ամբողջ օրը մնացել էր դիակի հետ: Դատաբժշկական փորձաքննության տվյալով՝ Շուքյուրովայի մահը վրա է հասել նոյեմբերի 19-ին:
Տղամարդը ձերբակալված է, սակայն որեւէ բանով քննությանն օգտակար լինել չի կարող, նա անմեղսունակ վիճակում է: Քննությունը պետք է պարզի՝ տեղի ունեցածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն:




























