Այսօր` հուլիսի 3-ին մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննությունները, որտեղ դիմորդները քննություն են հանձնել «ֆիզիկա» առարկայից: «Ֆիզիկա» առարկայից միասնական լրացուցիչ քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել 208 դիմորդ, որից 2-ն այսօր բացակայել են:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը լրագրողներին հայտնել է, որ թեստերի հեղինակներին հանձնարարվել է, որ միասնական լրացուցիչ քննությունների թեստերը համարժեք լինեն միասնական քննությունների թեստերին: Նրա խոսքով, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ միասնական լրացուցիչ քննությունների արդյունքները բոլորովին էլ բարձր չեն լինում հիմնական փուլի արդյունքներից:
Հիշեցնենք, որ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:


























