Ազգային վիճակագրական ծառայության տեղեկությունների համաձայն՝ 2010 թ. առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական շուկայում դիտվել է աննախադեպ անկում։ Ավելի քան 4,2 անգամ կրճատվել է ապահովագրավճարների ծավալը՝ մարտի վերջի դրությամբ կազմելով 1,9 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար)։

Գույքի ապահովագրությունը շարունակում է մնալ ապահովագրության ամենամեծ հատվածը, սակայն այստեղ անկումը ամենամեծն է՝ 5,2 անգամ, հասնելով 920 մլն դրամի (մոտ 2,5 մլն դոլար)։ Կտրուկ նվազել է հետաքրքրությունը պատասխանատվության ապահովագրության մասով՝ ապահովագրական վճարները նվազել են մոտ 5 անգամ՝ կազմելով 230 մլն դրամ (600 հազ. դոլար)։

Բնականաբար՝ նվազել են, ոչ միայն ապահովագրական վճարները, այլեւ ապահովագրական հատուցումները։ 2010 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ հատուցվել է 354 մլն դրամ (մոտ 950 հազ. դոլար), որը 3 անգամ զիջում է 2009 թ. ցուցանիշին։

Ապահովագրական շուկայում ներկայում գործում են 12 ընկերություններ, դրանց թիվը անցյալ տարվա համեմատ չի փոփոխվել։ Ապահովագրական ընկերությունների ընդհանուր կանոնադրական կապիտալը 10,5 մլրդ դրամ է (մոտ 28 մլն դոլար), այն մոտավորապես անցյալ տարվա մակարդակի վրա է։ Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելու է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում ապահովագրական շուկան կտրուկ կակտիվանա։