Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ նշել, որ օգոստոսի 6-ին Գյումրիում, Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց` Գ.Նժդեհի փողոցի մայթին, մարզպետի մոտ իրենց բողոքով եկած քաղաքացիների ինքնաբուխ հավաքի ժամանակ Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը եւ ոստիկանության էլի մեկ աշխատակից դիտավորյալ խոչընդոտել են «Շանթ» ՀԸ Գյումրու հեռուստանկարահանող խմբի աշխատանքը: «Այդ նկարահանող խումբը, փաստորեն, գտնվել է հանրային ազատ մատչելիության տարածքում եւ կատարել է իր մասնագիտական օրինական պարտականությունները:

Շիրակ Շահնազարյանը, չունենալով դրա իրավունքը, նկարահանող օպերատորի հանձնարարությունը կամ խնդրանքը կամ էլ թույլտվությունը, նախ ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը, ապա վերցրել տեսախցիկը` դրա հենարան եռոտանիով, եւ տեղափոխել նկարահանման այդ կետից հեռու»,- նշել է լրագրողը եւ հավելել, որ ոստիկանները նաեւ արհամարհել են նկարահանող խմբի բողոքները: «Այդպիսով Ոստիկանության աշխատակիցները համարձակվել են լրագրողի եւ նկարահանող օպերատորի փոխարեն որոշել, թե ինչն է, որ հանրային ազատ մատչելիության վայրում նկարահանել կարելի է, եւ ինչը՝ ոչ: Մենք տեղյակ ենք ու, դժբախտաբար, սովորական է արդեն, որ ՀՀ-ում անհայտ ու հայտնի անձինք ամեն անգամ ոտնահարում են լրագրողների իրավունքները, ծեծում են նրանց, խլում եւ կոտրում են նրանց աշխատանքային գործիքները, հրկիզում են մեքենաները ու հազվագյուտ դեպքերում են պատժվում միայն (անցած 18 տարիների ընթացքում մեզ հայտնի մոտ 60 դեպքից պատժի փաստ հայտնի է միայն 3-ի դեպքում), այն էլ` մեղմագույն պատիժներով: Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության անցյալ բոլոր խոչընդոտումների դեպքերը մեծամասնությամբ մնում են չբացահայտված:

Վերը բերված օրինակը ցինիկ է այնքան, որ քաղաքային ոստիկանության պետն է դրա իրականացնողը եւ նա, ամենայն հավանականությամբ, այդպես է վարվել, վստահ լինելով, որ չի պատժվելու»,- նշել է հայտարարության հեղինակն ու նկատել, որ ոստիկանության Գյումրու բաժնի պետի եւ նրա ենթակա ոստիկանի վերոհիշյալ գործողությունները ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի երկրորդ մասում նկարագրված արարքների հատկանիշները, այն է «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը… որոնք կատարել է պաշոնատար անձը՝ իր պաշտնեական դիրքն օգտագործելով». «Խնդրում եմ այս հաղորդումն ընդունել ի գիտություն, եւ ձեռնարկել բոլոր օրինական գործողությունները օրինազանցներին բացահայտելու եւ պատժելու համար», հայտարարել է լրագրողը: