Գիտնականների պնդմամբ, փակ տարածքում լվացքը չորացնելն այնքան էլ լավ գաղափար չէ: Նրանց խոսքով, դա վտանգավոր է թույլ դիմադրողականություն եւ ծանր ասթմա ունեցող մարդկանց համար: Ըստ The Daily Mail-ի, թաց սպիտակեղենը բնակարանի խոնավությունն ավելացնում է 30%-ով, ինչի արդյունքում կատարյալ պայմաններ են ստեղծվում սնկերի բազմացման համար:

Մասնագետներին անհանգստացնում է, մասնավորապես, թոքերի վարակ առաջացնող Aspergillus fumigatus-ը:

«Միջին լվացքի մեքենայի մի ամբողջ սպիտակեղենը գրեթե 2 լիտր ջուր է պարունակում: Եվ դա գոլորշիանում է սենյակում: Դա մեծացնում է թոքերի ասպերհիլեզի առաջացման վտանգը. հիվանդություն, որը կարող է անուղղելի վնաս հասցնել թոքերին եւ քթի խոռոչներին: Այդ պատճառով ավելի լավ է լվացքը չորացնել փողոցում, չորանոցում կամ լավ օդափոխվող տարածքում»,- պրոֆեսոր Դեւիդ Դենինգի մեկնաբանությունն է մեջբերում MedDaily-ը:

Մասնագետն ընդգծում է, որ նախապես քթի խոռոչին, շնչափողին կամ թոքերին վնաս հասցնող սունկը հետագայում ունակ է տարածվել ամբողջ մարմնով: Ախտանշանները կարող են տարբեր լինել՝ կախված գործոններից: Որոշ մարդկանց մոտ կարող է միայն հազ եւ փռշտոց առաջանալ, իսկ որոշների մոտ՝ արյունոտ հազ: