21-րդ դարի վերջին արկտիկական սառույցն ամռանն ամբողջությամբ կանհետանա: Նման եզրահանգման են եկել Բարսելոնայի Ինքնավար համալսարանի գիտնականները: Նորվեգիայի եւ Բրիտանիայի իրենց գործընկերների հետ նրանք վերլուծել են պլիոցենի ժամանակաշրջանի կլիման:

Պլիոցեն է կոչվում նեոգենետիկ ժամանակաշրջանը, որը սկսվել է 5.3 մլն տարի առաջ եւ ավարտվել 2.5 մլն տարի առաջ: Ըստ գիտնականների, դրա վերլուծությունը թույլ է կտա հասկանալ, թե ինչ կարելի է սպասել ապագայում եւ ինչպես մեր կյանքի վրա կազդի գլոբալ ջերմացումը:

Ըստ Naked Science-ի, գիտնականներն ուսումնասիրել են լայնածավալ բեւեռային արշիպելագի՝ Շպիցբերգեն կղզու հյուսիս-արեւմուտքում գտնվող տեղակայված շրջանի հատակը: Ուշադրության կենտրոնում են հայտնվել ջրիմուռներն ու միկրոօրգանիզմները: Դրանց քիմիական անալիզի արդյունքում պարզվել է, թե ինչպիսի կլիմայական փոփոխություններ են բնորոշ եղել պլիոցենի ժամանակահատվածին:

«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, մասնագետները կարծում են, որ 4 մլն տարի առաջ Հյուսիսային բեւեռում ձյուն գրեթե չի եղել, եւ այդ իրավիճակը կարող է նորից կրկնվել: Սառցե ծածկույթը ձեւավորվել է 2.6 մլն տարի առաջ. այն ժամանակ Երկրի վրա օվկիանոսյան հոսքերի փոփոխություն է տեղի ունեցել, իսկ կլիման ավելի սառը եւ չոր է դարձել:

Դարավերջին ամռան շրջանում արկտիկական սառույցն ամբողջությամբ կանհետանա: Դա ինչպես բացասական, այնպես էլ դրական հետեւանքներ կունենա: Առաջինի դեպքում որոշ տեսակների անհետացում է սպառնում: Իսկ դրական կարող են լինել տարածաշրջանում օգտակար հանածոների նոր հնարավորությունները: