Հայաստանի գերխնդիրը ոչ թե օրենքների բարեփոխումն է, այլ այդ օրենքների, այդ թվում եւ հիմնական օրենքի՝ Սահմանադրության կիրառումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվան։ «Հայաստանում այսօր չի գործում սահմանադրական կարգը, քանի որ եթե գործեր, ապա Հայաստանը կլիներ ժողովրդավարական, իրավական, սոցիալական ու ինքնիշխան պետություն։ Իմ կողմից նշված բնորոշումներից եւ ոչ մեկը այսօր չի գործում»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը։ «Հետեւապես, Հայաստանն ինչպիսի՞ պետություն է, եթե ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն չէ» հարցին գլխավոր դատախազի նախկին տեղակալն արձագանքեց. «Այդ բնորոշումը հավուր պատշաճի ձեւակերպված է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթում՝ առկա իրավիճակի խորը վերլուծության արդյունքում։ Այդ ելույթից արդեն շուրջ երեք տարի է անցել, սակայն, ցավոք, այս ընթացքում ոչ մի բան չի փոխվել եւ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր իր մաշկի վրա զգում է դա»։ Նկատենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ ելույթում Հայաստանը բնորոշել էր որպես «վերից վար կոռումպացված», «լիովին մաֆիոզ», «մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված» ռեժիմ ունեցող երկիր, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, այլ քրեական աշխարհի կանոններով։
Հարցին, թե գործող սահմանադրությունը կարիք ունի՞ բարեփոխումների, Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ ոչ, քանի որ նման բարեփոխումներ մի քանի տարի առաջ՝ 2005 թվականին արդեն իսկ կատարվել են։ «Մեր երկրի գերխնդիրը ոչ թե Սահմանադրության եւ օրենքների բարեփոխումներն են, այլ դրանց կիրառումը։ Քանի որ Սահմանադրության համաձայն, սահմանադրական նորմերը անմիջական կիրառման ուժ ունեն»։ Սակայն, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, մայր օրենքի դրույթները չեն կիրառվում, իսկ եթե կիրառվում են, ապա խիստ խտրական։ «Դրա համար էլ մեր խնդիրների խնդիրը օրենքների կիրառումն է, իսկ որպեսզի դա ապահովենք, պետք է երկրում վերականգնենք սահմանադրական կարգը։ Այ դրա համար էլ սահմանադրական կարգի վերականգնումը Հայ Ազգային Կոնգրեսի օրակարգում առաջնային կետերից մեկն է»,-ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Գագիկ Ջհանգիրյանը նաեւ Սահմանադրության օրվա հետ կապված մաղթանք հղեց. «Ես երազում եմ այն Հայաստանի մասին, երբ Սահմանադրության օրը կլինի ոչ միայն ողջ պետության, այլ նաեւ յուրաքանչյուր քաղաքացու ամենաուրախ տոնը տարվա մեջ»։


























