ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետեւ այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.
«Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետեւ խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարեւոր երեւույթ է: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից եւ ժողովրդի սոցիալական վիճակի՝ է՛լ ավելի վատացումից: Բայց սա այն հարցն է, որ մենք պետք է ուղղենք ոչ թե Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի, այլ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին: Ահա հենց այստեղ է, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ:
Խնդիրն ունի իր նախապատմությունը, եւ այսօր ստեղծված իրականությունը երկար ցավոտ պատմության ընդամենը վերջին կետն է: Կարեւոր է, որ քաղաքական ուժերը, մեր հասարակության մտահոգ շրջանակները, ԵՏՄ եւ Եվրամիության մեր գործընկերները պատկերացնեն այն երեք հիմնական փուլերը, որոնցով այս հարցն անցել է:
ԲՀԿ –ն երբեք հակված չէ բացթողումների եւ սխալների համար մեղավորներ փնտրել դրսում՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Ոչ. որպես լուրջ եւ հայաստանակենտրոն քաղաքական ուժ, Բարգավաճ Հայաստանը միշտ գնացել եւ գնալու է լուծումների բանալին ներսում գտնելու ուղղությամբ:
1. Հայաստանը 3-4 տարի բանակցում էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու համար: Բանակցությունները եղել են փակ, նախապատրաստվող համաձայնագիրը եղել է հասարակությունից եւ քաղաքական ուժերից գաղտնի: Այդ նույն տարիներին Հայաստանում եղել են մարդիկ, քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, ովքեր զգուշացնում էին, որ ռիսկերը եւ զարգացման սցենարները հաշվարկված չեն եւ չի կարելի այդքան խորացնել բանակցությունները՝ չունենալով վերջում դրանք ստորագրելու քաղաքական որոշում: Ինչպես պարզվեց հետագայում՝ Եվրամիության հետ բանակցությունների տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները չեն խորհրդակցել ռազմավարական դաշնակից ՌԴ ի հետ: Մի պահից սկսած՝ պաշտոնական Մոսկվան Հայաստանի քայլերը ընկալում էր որպես ուղղակիորեն իր դեմ ուղղված մարտահրավեր: Արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել այս սցենարից: Միանշանակ հնարավոր էր: Ասեմ ավելին՝ պարտադիր էր դա անել: Փոխարենը մենք հայտնվեցինք արտաքին քաղաքական վայրիվերումների մեջ: Դարձանք անվստահելի գործընկեր արեւմուտքի համար, ինչը երբեմն կրում էր պետական արժանապատվության կորստի տարրեր, եւ դարձանք անվստահելի գործընկեր Ռուսաստանի համար:
Պետք չէ ինքներս մեզ խաբենք, թե՝ Եվրոպան մեզ հասկացավ, կամ Ռուսաստանը ոչինչ չէր նկատում: Ահա այդպիսի պայմաններում հասանք սեպտեմբերի 3-ին, երբ Մոսկվայում ձեւակերպվեց Մաքսային Միություն մտնելու՝ Հայաստանի խնդրանքը: Այստեղ եւս ուզում եմ նշել, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, Եվրամիության ղեկավարները այդ մասին իմացել են լրատվամիջոցներից՝ փաստը կատարվելուց հետո: Արտաքին քաղաքականության մեջ սա ուղղակի աններելի քայլ է, իսկ ներքին կյանքում՝ քաղաքական մենաշնորհի հստակ ապացույց, երբ կարեւորագույն որոշումները կայացվում են փակ, գաղտնի, անհասկանալի պայմաններում: Ահա թե ինչ ենք մենք ուզում փոխել, ինչն է ուզում երկրում մեկընդմիշտ փոխել Բարագավաճ Հայաստանը իր քաղաքական գործընկերների հետ միասին:
Որպեսզի մեզ չմեղադրեն պատմության էջերն ավելորդ փորփրելու մեջ, ուղղակի մի հիշեցում եւս անեմ: Սեպտեմբերի 3-ից մեկ օր առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 2-ին, երբ դեռ բնականաբար ոչինչ պարզ չէր Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ կայանալիք հանդիպման արդյունքների մասին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց եւ ձեւակերպեց իր մոտեցումը. «Ռուսաստանը մեր ամենակարեւոր տնտեսական գործընկերն է: Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է երկու միլիոնից ավելի հայ, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան՝ օգնելով ընտանիքին եւ հարազատներին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսին»:
Իսկ ավելի ուշ Ծառուկյանը մի քանի անգամ զգուշացնում էր, որ հայ-ռուսական հարաբերություններն այլ խնդիր են, իսկ Մաքսային միություն մտնել-չմտնելը՝ բոլորովին այլ: Կարիք չկար՝ իջեցնելու ռազմակավարական հարաբերությունների նշաձողը մինչեւ Մաքսային Միություն մտնելու գաղափարը: Ես նորից եմ կրկնում՝ ռազմավարական հարաբերություններն այլ բան են, տնտեսական ինտեգրացիոն համակարգին միանալը՝ այլ: Այստեղ պետք էր կետ առ կետ բանակցել, պաշտպանել Հայաստանի շահերը մինչեւ վերջին նիշը, պետք էր պաշտպանել Հայաստանի տնտեսական շահերը, հայ սպառողի շահերը: Դրա համար պետք էր ժամանակ, այլ ոչ՝ շտապողականություն: Իսկ ի՞նչ կատարվեց մեզ մոտ: Իշխանական քարոզչամեքենան եւ քաղաքական մեծամասնության, կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր մի քանի տարի շարունակ գովերգում էին Եվրոպական Միության հետ նախապաստրաստվող համաձայնագիրը, մեկ օրում՝ սեպտեմբերի 4-ից միանգամից դարձան Մաքսային Միության մոլի ջատագովներ: Հարգելի գործընկերներ, ընդունեք՝ սա լուրջ մոտեցում չէ: Սա չի ավելացնում մեր հանդեպ օտարների հարգանքը: Եվ ամենը կատարվում է մեր պետական արժանապատվության հաշվին:
Հասկանալով խնդրի բոլոր նրբությունները՝ ասվածի եւ չասցվածի բոլոր ենթատեքստերը, նորից կանգ առնեմ ապագա ռիսկերի եւ հնարավորությունների վրա: Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում մենք հայտնվել ենք: Ընդամենը պետք է գրագետ աշխատել: Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ-ին անդամակցելուց: Մասնավորապես, մենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում կարող ենք եւ հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները, հատկապես՝ գյուղմեթերքների վերամշակման մասով, մի շարք ծառայությունների, ֆինանսական միջնորդությունների մասով: Կգործեն միասնական տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում եւ այլն:
Իհարկե, որոշակի մտահոգություն է առաջացնում նաեւ 752 զգայուն ապրանքների մասով մաքսատուրքերի պահպանման մեխանիզմը, այն իմաստով, որ դրանից դուրս նույնպես ապրանքներ կան, կամ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ մեր կողմից պարտավորու-թյունների կատարումը մաքսատուրքերի տոկոսադրույքների ավելացման պարագայում եւս դիտարկման առարկա է եւ այլն:
Ինտեգրացիոն պրոցեսները փոքր եւ ռեսուրսներով աղքատ պետությունների համար նոր դռներ են բացում: Բայց դրա համար պետք է արժանապատվորեն բանակցել՝ չգնալ միակողմանի զիջումների: Մենք տեսնում ենք, թե Եվրասիական Միության բոլոր երկրներն ինչ համառությամբ են պաշտպանում իրենց սեփական շահերը, ցավոք սրտի՝ երբեմն էլ՝ մեզ հակառակորդ երկրների շահերը:
Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն, թե Լուկաշենկոյի, թե՛ Պուտինի, ինչու չէ՝ թե՛ Նազարբաեւի հետ արժանապատիվ բանակցելու հնարավորությունները: Բայց դրա համար պետք է, որ երկրում վերացվի քաղաքական մենաշնորհը:
Բարգավաճ Հայաստանը դեմ է էմոցիոնալ ռուսամետության, եվրոպամետության կամ ամերիկամետության գաղափարին, որը, ցավոք, ժամանակ առ ժամանակ դառնում է պետական քաղաքականություն: Բարգավաճ Հայաստանը պնդում է, որ երկրում պետք է ձեւավորվի հստակ հայամետ, հայաստանակենտրոն, բազմակուսակցական իշխանություն, որն ի զորու կլինի բոլոր մակարդակներում պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը: Ի դեպ, այդպես մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը եւ մեզ ավելի կհարգեն թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում:
ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետեւ այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենեւին ոչ: Դրանք կարող էին եւ պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնավարությունների համար, որոնք կարղ են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն եւ մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը:


























