«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրկին բողոքի ակցիա են անցկացնում, այս անգամ՝ գործարանի տարածքում՝  պահանջելով հանդիպում գործարանի տնօրենի հետ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:

«Այս պահին աշխատակիցներով հավաքված ենք  գործարանի մոտ, սպասում ենք տնօրենին, որպեսզի մեր հարցերին պատասխանի՝ տեսնենք մեր ճակատագիրը ինչ է լինելու», -ասաց նա:

Արհմիության  նախագահի խոսքով՝ իրենք դեռ չգիտեն՝ ինչ քայլերի են դիմելու, իրենց անելիքները տնօրենի հետ հանդիպումից հետո են որոշելու:

Նշենք, որ երեկ նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի մոտ՝ նամակ փոխանցելու եւ պահանջելու ՝ աշխատավարձերի ամբողջական վճարում եւ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու ծանուցագրերի գործընթացի կասեցում:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն հավատում, որ իշխանությունները կատարելու են իրենց խոստումը եւ վճարելու են իրենց աշխատավարձերի պարտքը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար։

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին: