Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ եւ Բրատիսլավայի ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Յանս Վանդելին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ծավալած գործունեությունը։ Յանս Վանդելն ընդգծել է, որ 2010-2015 թթ. համար ՀՀ կառավարության եւ ՄԱԶԾ-ի միջեւ ստորագրված Համագործակցության ծրագրի գործողությունների պլանը որակապես լավագույնն է տարածաշրջանում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսլականի առումով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումների ընթացքին եւ հեռանկարներին։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ուղղությունները` Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքում,  մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացում, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում մշակվող Ազգային ծրագրով նախատեսվող բարեփոխումների իրականացում եւ համատեղ ծրագրերի իրագործում էներգետիկայի ոլորտում։ Խոսելով կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից` վարչապետը տեղեկացրել  է, որ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հասարակական ծառայությունների մասին» օրենքը, որով մեխանիզմներ են ստեղծվում պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը բարձրացնելու համար։ Անդրադառնալով տարածքների համաչափ զարգացման կարեւորության խնդրին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն իրականացվում է երկու` ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման ուղղությամբ։