Ախալքալաքի կենտրոնում՝ Մշակույթի տան առջեւ, այսօր սկսել են տեղադրել քաղաքի գլխավոր տոնածառը: Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի հարեւանությամբ արդեն տեղադրել են արհեստական ամանորյա տոնածառի հիմքն ու կմախքը:

Ըստ jnews.ge-ի, անցյալ տարի ամանորյա տոնածառը տեղադրել էին Նոր տարվա նախաշեմին, ընդ որում, քաղաքի բնակիչները դժգոհել էին Ամանորի խորհրդանիշի զարդարանքից: Իսկ մինչ այդ մի քանի տարի շարունակ լամպերից կազմված էլեկտրական տոնածառ էր տեղադրվում: Լամպերը ժամանակի ընթացքում փչանում էին եւ նորերով չէին փոխարինվում:

Այս տարի տեղական բյուջեից նոր տոնածառի համար գումար է հատկացվել: Մրցույթ է հայտարարվել, որում հաղթել է անհատ ձեռներեց Սամվել Ռաիսյանը: Ամանորի տոնածառը քաղաքային բյուջեին 8000 լարի է արժեցել: