Մալավիի նախագահ Պիտեր Մուտարիկան եւ նրա տեղակալ Սաուլոս Չիլիման հրաժարվել են աշխատավարձի 80 տոկոսով բարձրացումից: Այս մասին հայտարարել է կառավարության քարտուղար Ջորջ Կմոնդիվան:

«Թեեւ առաջարկվող բարձրացումն արդարացված է, նախագահը որոշել է հրաժարվել դրանից՝ ի նշան Մալավիի ժողովրդի հետ համերաշխության, որը դժվար տնտեսական ժամանակներ է ապրում»,-ասել է նա:

Նախագահի նոր աշխատավարձը պետք է կազմեր ամսական 5263 դոլար, ներկայիս 2930-ի փոխարեն: Փոխնախագահի աշխատավարձը պետք է հասնել 3500 դոլարի, բայց մնացել է 1950 դոլարի սահմանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կառավարության 20 նախարարների եկամուտներն ավելացել են, 1150 դոլարից հասնելով 3000 դոլարի գումարած 1600 դոլար բենզինի համար: Մալավիի խորհրդարանի 193 պատգամավորների աշխատավարձն ավելացել է մոտ 5 անգամ, 242 դոլարից հասնելով 1150 դոլարի գումարած 1600 դոլար բենզինի համար:

Երկրի մոտ 170 հազար պետծառայողներն ստանում են ամսական միջինը 100 դոլար աշխատավարձ: 15 միլիոնանոց բնակչության մոտ կեսն ապրում է օրական ծախսելով մոտ մեկ դոլար:

Մալավիի բյուջեի դեֆիցիտը կազմում է 205 մլն դոլար: