«Ես չեմ կարող հավանություն տալ կառավարության հակաճգնաժամային ծրագրին, քանի որ այն պետք է բազմաթիվ ուղղություններ ունենա, սակայն, ես, միգուցե նաեւ իմ սահմանափակ իրազեկվածության պայմաններում, չեմ տեսնում դեռեւս որեւէ առարկայական քայլեր»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման գնահատականով հանդես եկավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, ներկայումս Հայաստանում ներմուծման եւ արտահանման միջեւ առկա հարաբերակցությունը, ըստ էության, ցույց է տալիս, թե արդյո՞ք տվյալ երկիրը տնտեսական համակարգ ունի, թե` ոչ: «Եթե բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք ներկրվում են երկիր, բայց միեւնույն ժամանակ այդ երկիրը որեւէ խնդիր չունի իր ներսում այդ ապրանքատեսակներն արտադրելու եւ սպառելու, նաեւ, լավագուն դեպքերում, արտահանելու համար, բայց դա չի անում, նշանակում է, որ գործադիր իշխանության գործունեության արդյունավետությունը այն չէ»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ, երբ կառավարությունը վարկավորում է շինարարական մի քանի կազմակերպությունների, այն դեպքում, երբ այդ ոլորտը անկում է ապրում եւ արդյո՞ք դա միջոցների վատնում չէ, ԱԺ պատգմավորը պատասխանեց. «Ոչ, ես դա ողջունելի եմ համարում, քանի որ եթե որեւէ ոլորտում մենք ունենք հեղինակավոր կազմակերպություններ, որոնք իրենց գործունեության առումով ձեռք են բերել ռեյտինգ ու հեղինակություն, եւ նրանք հանկարծակի հայտնվում են ոչ ցանկալի ֆինանսական վիճակում, ապա կառավարության կողմից նրանց օժանդակելը օգնում է, որ այդ ընկերություններում աշխատողները չլքեն իրենց աշխատանքը, գործազուրկ չդառնան եւ այլն»:

«Ես ուզում եմ ասել, որ ցանկացած երկիր, ճգնաժամի պայմաններում աշխատում է ոչ միանշանակ վիճակներում եւ հնարավորության պարագայում փորձում է աջակցել իր ընկերություններին: Հիմա ՀՀ-ն ինքն անձամբ լինելով սահմանափակ ֆինանսական հնարավորությունների տեր երկիր, այդ ինստիտուտը կարող է իրականացնել՝ ամբողջ պարտավորություններն ու ռիսկերը իր վրա վերցնելով եւ համապատասխան սուբյեկտներին վարկային միջոցներ տրամադրելու ճանապարհով»,- իր խոսքն ամփոփեց նա: