Բոսթոնի Քնի խանգարման կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու համար անհրաժեշտ քնի քանակությունը կապված է ԴՆԹ-ի երկու ոլորտի հետ: Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 47 հազար եվրոպացու եւ 5 հազար աֆրոամերիկացու տվյալներ: Նրանց գենետիկ տվյալները համադրել են քնի տեւողության մասին հարցերի պատասխանների հետ:
Ըստ «Աշխարհի շուրջ» ամսագրի, արդյունքները քնի տեւողության հետ կապված գենոմում երկու ոլորտ են հայտնաբերել: Ընդ որում, ավելի վաղ արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ ոլորտը կապված է նաեւ գլյուկոզայի լավ նյութափոխանակության եւ ուշադրության դեֆիցիտի սինդրոմի զարգացման հավանականության նվազման ու գերակտիվության հետ: Երկրորդ ոլորտը, որը կապված է քնի ավելի կարճ ժամանակի հետ, նաեւ կապ ունի դեպրեսիայի եւ շիզոֆրենիայի զարգացման վտանգի մեծացման հետ:
Գիտնականների կարծիքով, հետազոտությունը կօգնի ավելի լավ հասկանալ քնի խանգարման պատճառներն ու դրանց կապը տարբեր հիվանդությունների հետ՝ շաքարախտից մինչեւ հոգեկան խանգարումներ: Ի դեպ, վերջերս անցկացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ ուշ պառկող եւ քիչ քնող մարդկանց մոտ ավելի հաճախ է դեպրեսիա նկատվում, քան նրանց մոտ, ովքեր քիչ են քնում, բայց վաղ են պառկում:
Վերադառնալով քնի տեւողության հետ գենետիկայի կապին, հիշեցնենք, որ նախկինում գիտնականները DEC2-ն առանձնացրել էին որպես մարդու ցիրկադային ռիթմի համար պատասխանատու, այսինքն՝ քնած եւ արթուն ռեժիմի վրա ազդող գեն: Այս գենի յուրահատուկ տարբերակն ունեցող մարդիկ կարող են քնել 6-6.5 ժամ՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:



























