NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հետ զրույցը:

Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Վերջին տարիների ընթացքում մեր երկրների հարաբերությունները կայուն զարգանում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով: Քաղաքական առումով ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, քանի որ, նախ, մենք մեկ միավորման՝ ԱՊՀ-ի անդամ ենք, երկրորդ՝ ռազմաքաղաքական ՀԱՊԿ կազմակերպության անդամ ենք, երրորդ՝ հունվարի 1-ից միանալու ենք մաքսային մեկ տարածության՝ Եվրասիական տնտեսական միությանը: Միջազգային հարթակներում մեր դիրքորոշումները կա՛մ համընկնում են, կա՛մ շատ մոտ են: Այդ պատճառով կարելի է միանշանակ պնդել, որ քաղաքական առումով մեր հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են: Նույն կերպ հարաբերությունները զարգանում են նաեւ տնտեսական ոլորտում: Վերջին շրջանում որոշակի դադար է նկատվում, բայց պատճառը հայտնի է. տնտեսական ճգնաժամն աշխարհում շարունակվում է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտվի:

Հայաստանի եւ Բելառուսի տնտեսությունները բաց են, բնականաբար, ճգնաժամը չափազանց բացասաբար է անդրադառնում բնակչության գնողունակության վրա: Մենք Հայաստան մեծ թվով ապրանքներ ենք ներմուծում: Դրանք բեռնատարներ են, «Բելազ»-ներ, գյուղատնտեսական տեխնիկա, ավտոբուսներ, տրակտորներ, թեթեւ արդյունաբերական ապրանքներ, ավելանում են մթերային ապրանքների մատակարարումները: Բելառուսում հայտնի են հայկական կոնյակը, հյութերը, սկսել են մուրաբաներ ներմուծել մեր երկիր՝ թզի, հոնի, ծիրանի, դեղձի:

Ես հաճույքով կարող եմ նշել, որ հարաբերությունների զարգացման համար որեւէ խոչընդոտ չկա: ԵՏՄ-ին անդամակցությունը լրացուցիչ խթան է տնտեսությունների զարգացման համար: Մրցակիցների համար որոշակի պատնեշներ կլինեն, իսկ միասնական շուկայի անդամների համար՝ լրացուցիչ խթաններ: Մենք ապրանքաշրջանառության աճի լուրջ դինամիկա ենք կանխատեսում:

Որքա՞ն է այսօր ապրանքաշրջանառությունը:

Վերջին տասը տարիներին մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 16 անգամ աճել է: 2012 թվականին այն մոտեցել է 50 մլն դոլարի սահմանագծին: Հիմա ավելի քիչ է, իսկ պատճառներն արդեն նշեցի: Մենք դա ժամանակավոր երեւույթ ենք համարում, եւ ծրագրում ենք առաջիկայում դրական դինամիկա արձանագրել:

Զբոսաշրջիկների հոսքը համապատասխանո՞ւմ է երկու երկրների հարաբերություններին:

Ոչ միայն չի համապատասխանում, այլեւ անթույլատրելի ցածր մակարդակի վրա է: Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտում Հայաստանի պոտենցիալը: Այն բավական հետաքրքիր է: Վիճակագրության համաձայն, Հայաստանը բնակչության մեկ շնչի հաշվով հուշարձանների թվով առաջիններից մեկն է Եվրոպայում: Հայաստանի իշխանությունները ձգտում են երկիրն ավելի հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Այսօր զարգացած հաղորդակցության դար է, եւ ես չեմ կարծում, որ Բելառուսի եւ Հայաստանի աշխարհագրական հեռավորությունն անհաղթահարելի խոչընդոտ է. ընդամենը երեք ժամվա թռիչք: Բելառուսի բազմաթիվ քաղաքացիներ ճանապարհորդում եւ հանգստանում են Ավստրալիայում, հարավ-արեւելյան Ասիայում, Թայլանդում: Հայաստանը կարող է զբոսաշրջիկին չափազանց հարուստ պատմություն ներկայացնել՝ հաշվի առնելով, որ այս երկիրը Կիեւյան Ռուսիայից շատ ավելի վաղ է քրիստոնեություն ընդունել: Իմ բախտը բերել է, ես Հայաստանում արդեն յոթերորդ տարին եմ աշխատում, եւ շատ եմ ճամփորդել երկրում: Լուրջ աշխատանք է հարկավոր՝ երկրի պատմական ժառանգությունը ճանաչելի դարձնելու համար: Չեն գալիս ոչ թե այն պատճառով, որ հեռու է: Պարզապես չգիտեն:

Բելառուս հայ այցելուների մասին տվյալներ կա՞ն:

Նախկինում Երեւան-Մինսկ ուղղությամբ շաբաթական մեկ չվերթ կար, հետո՝ երկու: Հիմա արդեն երեք չվերթ կա, պատրաստվում ենք նաեւ չորրորդը բացել: Շուտով կշրջանցենք Մոսկվային: Ուղեւորահոսքը շատ մեծ է: Բացի ադ, Բելառուսում բավական հզոր հայ համայնք կա: Մեր կանխատեսմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո երկու երկրների միջեւ գործնական ակտիվությունը կաճի, հետեւաբար՝ նաեւ մարդկանց հոսքը:

Հայաստանն ինչո՞վ կարող է գրավիչ լինել բելառուսցի գործարարների համար:

Հայաստանի եւ Բելառուսի տնտեսությունները փոխլրացնում են իրար: Մեր ապրանքները չեն մրցակցում միմյանց հետ. այն, ինչ արտադրվում է Հայաստանում, չկա Բելառուսում, եւ հակառակը: Բայց կարծում ենք, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո նոր պայմաններում, երբ մեր երկրների առջեւ հսկայական՝ 170 միլիոնանոց շուկա բացվի, մեր պոտենցիալը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել: Կարեւոր ուղղությունների թվում կնշեի նաեւ ոսկերչական ոլորտը: Արդեն համապատասխան աշխատանք է տարվում, որոշակի արդյունքներ կան: Ամենից առաջ մեզ հետաքրքրում է համատեղ արտադրության ստեղծումը՝ լրացուցիչ բարձր արժողությամբ: Մեզ հետաքրքրում է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Ուժերը միավորելով՝ կարելի է շատ բանի հասնել:

2014 թվականի հոկտեմբերին կայացավ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեց համատեղ ձեռնարկությունների արտադրանքի դուրսբերումն արտաքին շուկա՝ հաշվի առնելով ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը եւ դրանից բխող բոլոր առավելությունները: Այսինքն՝ Հայաստանը կարող է արտոնյալ պայմաններով շուրջ 9 հազար անուն ապրանք արտահանել եվրոպական շուկա: Մենք նման առավելություններ չունենք: Սա նույնպես համագործակցության հեռանկարային ուղղություն է:

Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության արդիականացման ծրագիր է իրականացնում, Բելառուսում արտադրվող մի շարք մոդելներ իրենց չափանիշներով՝ արժողությամբ, պարզ սպասարկմամբ, որակով, ավելի ընդունելի են հայկական ֆերմերների համար եւ կարող են ակտիվորեն ներգրավվել անցկացվող բարեփոխումներում:

Ինչպե՞ս է զարգանում պաշտպանական ոլորտում եւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը: Խնդիրներ կա՞ն: Որքանո՞վ է կենսունակ այդ կազմակերպությունը:

Խորհրդային Միության փլուզումից եւ ԱՊՀ-ի ստեղծումից հետո, գոյություն ունեցող մարտահրավերների լույսի ներքո, ռազմաքաղաքական միավորման անհրաժեշտություն առաջացավ: Բելառուսի եւ Հայաստանի համար՝ որպես ոչ մեծ պետությունների, դա չափազանց արդիական կազմակերպություն է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունում կան պայմաններ, օրինակ՝ արտաքին ագրեսիա, որոնց դեպքում մեր երկրները համատեղ ուժերով կպաշտպանվեն:

Պրակտիկան ցույց է տվել, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Բելառուսը կազմակերպության առավել ակտիվ եւ հետեւողական անդամներն են: Այսօր արդեն ՀԱՊԿ-ն իրեն բավական լուրջ կազմակերպություն է ներկայացրել ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում: Միջազգային թատերաբեմում այն հեղինակավոր կազմակերպություն է: Որքան ինձ հայտնի է, ՆԱՏՕ-ի հետ բանակցություններ են ընթացել՝ որոշակի ուղղություններով համագործակցություն հաստատելու համար, առաջին հերթին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Դաշինքը, կարծես, առանձնապես ընդառաջ քայլ չարեց: Դա նրանց իրավունքն է: Մենք ՀԱՊԿ-ի շրջանակում կարող ենք ինքներս մեզ պաշտպանել:

Որքա՞ն մանրամասն եք հասցրել ճանաչել Հայաստանը:

Բավական մանրամասն. արեւելքից արեւմուտք եւ հյուսիսից հարավ անցել եմ: Տեսել եմ հուշարձանները, մասնակցել եմ «Տաթեւեր» ճոպանուղու բացմանը, եղել եմ Արենիի քարանձավում, որտեղ ամենահին կոշիկն են հայտնաբերել, հասել եմ ամենահարավային հատված՝ Մեղրի: Ամբողջ Հայաստանում շրջել եմ: Կարծես փոքր երկիր է, բայց յուրաքանչյուր շրջանն այնքան տարբեր է, ամեն ինչ այնքան հետաքրքիր է: Ամեն ինչ արժե միայն Սեւանից Դիլիջան ուղեւորությունը. դուրս ես գալիս թունելից եւ ուրիշ երկրում ես հայտնվում, հայկական «Շվեյցարիա»: Եվ ուր էլ գնաս՝ չես ձանձրանա: Ամենուր հնության շունչն ես զգում: Նա, ով չի եղել Հայաստանում, շատ բան է կորցրել:

Իսկ Ձեզ ի՞նչ է դուր գալիս հայկական խոհանոցից:

Ամենակարեւորը, որ Հայաստանում կարողանում են եւ սիրում են հյուրասիրել: Մինչեւ սեղանից չթափվի, դեռեւս սեղանը գցված չէ: Եթե ես Հայաստան չգայի, չէի իմանա իսկական խորովածի համը, հատկապես՝ թոնիրում պատրաստված: Հետաքրքիր ուտեստ է իշլի-քյուֆթան: Դե, իհարկե, նաեւ Սեւանի ափին խարույկի վրա խորոված ձուկը: Այս ուտեստներն ընդհանուր առմամբ նոր չեն, բայց այնպիսի ազգային կոլորիտով են պատրաստվում, որ ինքնատիպ համ են ստանում:

Ի՞նչ կմաղթեք Հայաստանի եւ Բելառուսի ժողովրդին:

Հաշվի առնելով, թե ինչ պայմաններում է հիմա գտնվում Հայաստանը, ես առաջին հերթին խաղաղ երկինք կմաղթեմ: Բոլոր հայերին, բոլոր մարդկանց: Որպեսզի յուրաքանչյուր տուն ապահովված լինի, եթե արտասուք լինի, ապա միայն ուրախության՝ երեխայի ծննդյան, հաճելի իրադարձության առիթով: Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը բարգավաճի, այս երկիրն արժանի է դրան: