2009 թ. փետրվարին հայտարարվեց ԵվրԱզԷՍ -ի հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին: ԵվրԱզԷՍ -ի անդամ պետություններն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը եւ Տաջիկստանը: Ուզբեկստանը 2008թ. դեկտեմբերին կասեցրել է անդամությունը:

Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, որը, սակայն, չի խանգարում դառնալ հիմնադրամի հիմնադիր: Հիմնադրամի կառավարմանը յուրաքանչյուր երկիր մասնակցելու է իր անդամավճարի չափին համապատասխան: Անդամավճարների ամենամեծ չափ վճարելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք էլ, ըստ էության, ընդունելու են ռազմավարական բոլոր որոշումները: Մյուս երկրների անդամավճարներն ունեն ձեւական բնույթ: Ռուսաստանի անդամավճարը կազմում է 7.5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ, Բելառուսը` 10 մլն դոլար, իսկ Հայաստանը, Ղըրղզստանը եւ Տաջիկստանը մուծելու են մեկական միլիոն դոլար:

Հայաստանը հույս ունի, որ ԵվրԱզԷՍ -ի հիմնադրամի միջոցով կֆինանսավորի ենթակառուցվածքային որոշ ծրագրեր, ասենք` «Հյուսիս-Հարավ» երկաթուղու նախագիծը կամ ատոմակայանի նոր բլոկի շինարարությունը: Տիգրան Սարգսյանի կողմից առաջարկություն է հնչել նաեւ «Նաիրիտ» եւ «Հայէլեկտրամեքենա» գործարանների գործարկման եւ զարգացման ծրագրեր կազմելու վերաբերյալ, որում շահագրգռված են նաեւ անդամ որոշ երկրներ:

Հայաստանի հայտը ԵվրԱզԷՍ-ին գերազանցում է 1 մլրդ դոլարը: Հույսեր կային, որ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը հուլիսի 5-ին Աստանայում տեղի ունեցած ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին այս հարցում ինչ-որ դրական տեղաշարժ կմտցնի, սակայն այդ հույսերը չեն արդարանում: Ամենայն հավանականությամբ` Հայաստանը ոչ թե մերժում է ստանում, այլ չի համաձայնում առաջարկվող պայմաններին` պահանջելով ավելի արտոնյալ ռեժիմ: Հատկանշական է, որ հուլիսի 5-ի հանդիպումից հետո Ղըրղզստանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Կազարբաեւը հայտարարեց, որ միջպետական խորհուրդը Հայաստանին 600 մլն դոլար արտոնյալ վարկի տրամադրման որոշում է կայացրել: Սակայն Հայաստանի ֆինանսների նախարարությունից այդ հայտարարությունը հերքեցին:

Տաջիկստանն առայժմ միակն է, որ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից ստացավ վարկային միջոցներ` 70 մլն դոլար վարկ, 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 20 տարի մարման ժամկետով: Հայաստանին առայժմ հաջողվում է միջազգային կառույցներից վարկեր ստանալ ավելի արտոնյալ պայմաններով, որոնցում, մասնավորապես, առկա են մարման արտոնյալ ժամկետներ:  Սակայն նկատենք, որ կառավարություններն ավելի ազատ են տնօրինելու ԵվրԱզԷՍ-ից ստացած միջոցները, քանի որ վերջինս բավարարվում է միայն խորհուրդներ տալով: