Չինաստանը պատրաստակամություն է հայտնել հայաստանյան քրեակատարողական հիմնարկները ժամանակակից տեխնիկայով վերազինելու եւ այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ հուլիսի 9-ին կայացած հանդիպմանը:
Չինաստանի դեսպանն ասել է, որ իրենք իրատեսական են համարում մոտ ժամանակներում իրավական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ, նպատակահարմար է համարվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումը:
ԱՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են նաեւ քրեակատարողական համակարգում զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ համատեղ ուսումնասիրություններ կատարելու եւ ընդունելի լուծումներ գտնելու հարցերում:


























