Բեռնափոխադրումների ներկայիս գները ՀԿԵ-ից պահանջում են առավելագույն խնայողություն եւ տալիս նվազագույն եկամուտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ըստ նրա՝ այլ կերպ չէր կարող լինել, քանի որ 2013-ին էլեկտրաէներգիան թանկացել էր 42%-ով, 2014-ին՝ եւս 11%-ով:
«Բեռն ուղարկողների եւ ստացողների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար մենք սեղմել ենք բոլոր հնարավոր ռեզերվները, մշակել ռեսուրսա- եւ էներգախնայողության բազմակողմ ծրագիր: Դա մեզ հնարավորություն է տվել նվազեցնել սակագնի վրայի ճնշումները: Սակայն անցյալ տարի մեր շահութաբերությունը կազմել է 3%: Իսկ ո՞ր բիզնեսը դրան կհամակերպվի: Չէ որ մենք ներդրումային ընկերություն ենք, սա պետք է ամենուր ընդգծել: Ներդրումային ընկերություն՝ ստեղծված Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ոլորտում ներդրումներ անելու, այն մինչեւ պահանջված չափորոշիչները վերականգնելու համար, որպեսզի ապահովենք գնացքների երթեւեկության անվտանգությունը: Հանրապետության համար սրա կարեւորությունը դժվար թե որեւէ մեկը վիճարկի», - նշել է Ռեբեցը:
Նա հավելել է, որ Հայաստանի բեռնափոխադրումների սակագները աժմ էլ ավելի ցածր են, քան Վրաստանում, իսկ նախքան նոյեմբեր-դեկտեմբերին գրանցված արժույթի տատանումները, այդ տարբերությունն էլ ավելի նկատելի էր: Դրանք եղել են 7 - 35% (միջինը՝ 20%) ցածր՝ արտահայտված դոլարով: «Կարծում եմ՝ սա բավականին խոսուն փաստ է», - հավելել է Վիկտոր Ռեբեցը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն («Ռուսական երկաթուղիներ» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունը) 2008 թ.-ից Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներն է:



























