Հայ երգիչ Արամ Տիգրանը, որը քաջածանոթ է թուրքերին ու քրդերին և, որն անցյալ շաբաթ իր մահկանացուն է կնքել Աթենքում, ցանկություն է հայտնել, որ իրեն թաղեն հարավ-արևելյան Անատոլիայի Դիարբեքիր գավառում՝ պատմական Տիգրանակերտում։

Սակայն Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Բեշիր Աթալայը Zaman թերթին հայտնել է, որ իր գերատեսչությունը, որին դիմել են հանգուցյալի ընտանիքի անդամները, ստիպված է եղել մերժել այն՝ օրենսդրությունում առկա որոշ դրույթների պատճառով։ Մինչդեռ Դիարբեքիրի բնակիչներն արդեն պատրաստվել են թաղման արարողությանը, որը նախատեսվում է անցկացնել հայկական Ս.Կիրակոս եկեղեցում։

Իր հերթին քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության ներկայացուցիչ Սելահաթդին Դեմիրթասը դժգոհություն է հայտնել թուրքական իշխանությունների որոշման կապակցությամբ։ «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի իրականացնենք հանգուցյալ երգչի վերջին խնդրանքը։ Կառավարությունը նույնպես պետք է ճկունություն ու կառուցողական մոտեցում ցուցաբերի նման մարդասիրական խնդրանքի բավարարման համար։ Սակայն մենք դեռ չենք կորցրել հույսը»,- հայտարարել է Դեմիրթասը՝ հավելելով, որ իր կուսակցությունը շփումներ է ունեցել երկրի ԱԳՆ-ի ու մշակույթի նախարարության հետ՝ այդ հարցով։

Նշենք, որ Արամ Տիգրանի ընտանիքը սերում է հարավ-արևելյան Բաթման գավառից։ Ցեղասպանությունից փրկվելու նպատակով նրանք հեռացել են Թուրքիայից ու հաստատվել Ղամըշլիում (Սիրիա), որտեղ էլ 1934 թվականին ծնվել է Տիգրանը։