Կալիֆորնիական Գլենդել քաղաքի դպրոցների աշակերտները Ցեղասպանությունը վերապրած հայուհու ներկայությամբ տվել են 20-րդ դարասկզբի ողբերգության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը: Դրանց նպատակն է՝ հարգել զոհերի հիշատակը եւ հասնել Թուրքիայի կողմից ճանաչման: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Գլենդելի դպրոցական միասնական խորհրդի դահլիճում քաղաքի հայկական չորս դպրոցների աշակերտների ակումբի անդամները խոստացել են պայքար մղել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով: «Մեր նախնիները վերապրեցին ու դիմակայեցին, նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի իրենց մշակույթն ու պատմությունը փոխանցեն հետագա սերունդներին: Նույն համառությունը, որը 100 տարի առաջ հայերին օգնեց վերապրել, հիմա հոսում է մեր երակներում: Մենք նրանց արյունն ենք, եւ մենք կանգ չենք առնի՝ մինչեւ կհասնենք ճանաչման, որին նրանք արժանի են»,- ասել է Քլարքի անվան դպրոցի աշակերտուհի Մերի Աղաջանյանը:
Դպրոցականների հանդիպմանը ներկա է եղել Հայոց ցեղասպանությունը վերապրած Գլենդելի 100-ամյա բնակչուհի Մադլեն Սալիբյանը: «Իմ հոր ընկերը՝ ազգությամբ թուրք, այնքան է սիրել նրան, որ երբ իմացել է, որ մենք այնտեղ ենք, կեսգիշերին եկել եւ մեզ իրենց տուն է տարել: Հաջորդ օրը նա մեզ երեք ավանակ տվեց»,- պատմել է 100 տարեկան հայուհին: Ընտանիքը երկար ճանապարհորդել է, մինչեւ հասել է Սիրիա եւ բնակություն հաստատել գյուղերից մեկում, այնուհետեւ փոխադրվել Հալեպ:
Գլենդելի դպրոցական միասնական խորհրդի նախագահ Գրեգ Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է ցեղասպանությունը վերապրած իր տատիկի պատմությունը՝ նշելով, որ նա կորցրել է ընտանիքը եւ հոր մահվան ականատեսը եղել:
Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում աշակերտները շարադրություններ են գրելու եւ գեղարվեստական նախագծեր են ստեղծելու՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, իսկ ապրիլի 21-ին հիշատակի հավաք է կայանալու Գլենդելի միջնակարգ դպրոցում:



























